Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Բանաստեծղություն: Անծանոթներ



Անծանոթներ ենք մենք իրար,
Եվ փողոցում հանդիպելիս
Ես չեմ տեսնում դեմքիդ վրա
Քո ժպիտը այն լուսերիզ,
Որով գիտես դու ողջունել
Ծանոթներին քո բախտավոր.
-Ես այդ թովիչ բախտը չունեմ,
Անծանո՛թ ենք և հեռավո~ր:

Բայց երբ հանկարծ այգում, մայթում
Հանդիպում ենք, ամեն անգամ
Կեռ թարթիչներդ ես դու թարթում
Ու նայում ես ինձ մի վայրկյան
Այնպե~ս, կարծես պատահաբա՛ր,
Եվ… հիշելով ինչ-որ մի բան
(Իբր մի բան ես ստուգում),
Պայուսակդ ես բացում-փակում:

Անծանոթ ենք իրար:Սակայն
Հանդիպում ենք երբ մենք հանկարծ,
Ես էլ մի պահ, գեթ մի վայրկյան
Կանգ եմ առնում, որ իբր թե
Գլանակս վառեմ հանգած
(Գլանակս` վառվա~ծ արդեն)…
Առերևույթ սառն ու թեթև:

Ա՛խ, դա խաղ է մի սրտակեղ,
Որով տենչանքն իմ չհանգած
Բորբոքվում է կրկին անգամ`
Գլանակիս կրակի պես,
Իսկ դու~,իսկ դո՛ւ… Փնտրու~մ ես դու,
Որոնու~մ ես ինչ –որ մի բան
(Պայուսակու՞մ, թե՞ քո սրտում)
Որոնում ես համառաբար,
Եվ… չես գտնում հավանաբար…


Պ.Սևակ

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն