Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Apple-ը ներկայացրեց iOS 7 համակարգը: Ինչ փոփոխություններ կան ու երբ հասանելի կլինի

Apple ընկերությունը վերջապես ներկայացրեց երկար սպասված iOS 7 համակարգը, որտեղ նախորդ տարբերակների համեմատ կատարվել են բազմաթիվ փոփոխություններ: Մեծ փոփոխության է ենթարկվել հատկապես համակարգի ինտերֆեյսը: Եկեք մանրամասն ուսումնասիրենք, թե ինչ նորություններ ու փոփոխություններ կան iOS 7 համակարգում:

Արտաքին ինտերֆեյս
Apple-ը նույնպես որոշել է անցնել մինիմալ ինտերֆեյսի և վերացնել ավելորդ շողքերն ու էֆեկտները: Այս համակարգում արդեն կարող ենք տեսնել Windows 8 համակարգում ներգրավված պարզ կոճակներն ու նշանները: Փոխվել է նաև համակարգի տառատեսակը և մուտքի էկրանը: Համակարգի հետևի ֆոնը և ստեղնաշարը դարձել են ավելի ինտերակտիվ: Այսինքն կախված սարքի թեքման անկյունից ու տվյալ պահին բացված միջավայրից ֆոնի ու ստեղնաշարի գույները կարող են փոխվել:

Control Center
Ավելացվել է նոր ինտերֆեյս, որը կոչվում է Control Center: Այն տեսնելու համար անհրաժեշտ է էկրանի ներքևի մասում կատարել թեթև հպում դեպի վեր:Այս ինտերֆեյսի վրա տեղադրված են ամենաշատ օգտագործվող կարգավորումները (օր. անջատել/միացնել Wifi կապը, ղեկավարել ձայնի բարձրությունը և այլն):


Notification Center
Փոխվել է տեղեկացումների էջը: Այս էջի վրա տեղադրվել են երեք ենթաբաժիններ (այսօր, բոլորը, բացթողած): Այսօր ենթաբաժնում կարող ենք տեսնել եղանակը, հիշեցումները, օրացույցի նշումները և այլ օգտակար տվյալներ:



MultiTasking
Նախկինում հազվադեպ ծրագրերն էին աշխատում հետին պլանում (օր. երգեր լսել այլ ծրագրեր օգտագործելու ընթացքում): Այժմ այս ֆունկցիան կարող են ապահովել բոլոր հավելվածները: Համակարգը ավտոմատ հայտնաբերելու է ամենահաճախ օգտագործվող ծրագրերը ու դրանք աշխատացնելու է հետին պլանում: Օրինակ, եթե դուք ամեն առավոտ ժամը 09:00-ին ստուգում եք նորությունները, ապա համակարգը ժամը 09:00-ի սահմաններում հետին պլանում թարմացնելու է նորությունները, երբ դեռ դուք չեք բացել նորությունների ծրագիրը: Ծրագրերի նշանների հետ մեկտեղ այժմ հնարավոր է նաև տեսնել բոլոր բացված ծրագրերի ինտերֆեյսները մեկ վայրում:


Տեսախցիկ
Լուսանկարների վրա հնարավոր է կիրառել տարբեր էֆեկտներ: Այսինքն այլևս կարիք չկա օգտվել լրացուցիչ հավելվածներից (օր. Instagram), եթե իհարկե դրանք օգտագործում եք միայն էֆեկտների համար:

Siri
Մեծ փոփոխության է ենթարկվել նաև Siri համակարգը: Այստեղ ավելացվել է տղամարդու ձայն և փոփոխվել է ինտերֆեյսը: Այժմ Siri-ն տվյալներ է որոնում Twitter, Wikipedia և Bing համակարգերից:



Safari
Փոփոխվել է նաև Safari ինտերնետ դիտարկիչը: Ինտերֆեյսը դարձել է ավելի պարզ: Փոխվել է թույլատրվող բացված պատուհանների առավելագույն քանակը: Ավելացվել է բացված էջերի դիտման նոր ինտերֆեյս:



iTunes Radio
Սա բոլորովին նոր ֆունկցիա, որի միջոցով հնարավոր է լսել օնլայն երաժշտություն: Սա Pandora և Songza համակարգերի կրկնօրինակն է: Այս ֆունկցիան առայժմ աշխատելու է միայն ԱՄՆ տարածքում:


AirDrop
Այս ֆունկցիան արդեն կար OS X 10.8 համակարգում, որը թույլ է տալիս ֆայլեր փոխանակել Mac համակարգիչների միջև: Այժմ այս ֆունկցիան հասանելի է նաև iPhone/iPod/iPad սարքերի վրա: Airdrop-ի միջոցով հնարավոր կլինի ֆայլեր փոխանակել թվարկված սարքերի միջև:



App Store
Հավելվածների օնլայն խանութում ավելացվել է նոր բաժին, որը կոչվում է Apps Near Me: Այն առաջարկելու է օգտագործողի գտնվելու վայրին համապատասխան հավելվածներ: Բացի դրանից, հավելվածներն այժմ թարմացվելու են ավտոմատ:



Այլ փոփոխություններ
Թարմացվել են նաև համակարգային ծրագրերը (օրացույց, եղանակ, նամակներ, էլ. փոստ, կործրցած հեռախոսը գտնելու ծրագիր և այլն): Ավելացվել է ավտոմեքենայի հետ համագործակցելու ֆունկցիա:

Երբ հասանելի կլինի որ սարքերի վրա
iOS 7 համակարգն այժմ հասանելի է միայն ծրագրեր մշակողների համար, իսկ սովորական օգտատերերի համա հասանելի կլինի ս.թ. աշնանը: Համակարգը հասանելի կլինի iPhone 4-ից, iPad 2-ից և 5-րդ սերնդի iPod-ից բարձր սարքերի համար:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն