Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Հայկական Arloopa ստարտափը մեկնարկել է VR ակնոցների վաճառքը: Ինչ է VR ակնոցը և ինչպես օգտվել դրանից


Հայկական Arloopa ստարտափը, որը հայտնի է VR և AR խաղերի ու հավելվածների մշակմամբ, մեկնարկել է սեփական ապրանքանիշով VR ակնոցների վաճառքը: Այս ակնոցներով կարող եք դիտել 360 աստիճան տեսանյութեր, խաղալ VR խաղեր և օգտվել VR հավելվածներից: Arloopa VR ակնոցները կարող եք պատվիրել Menu.am-ից, ինչպես նաև գնել Electronic Planets և Kargin Optics խանութներից:



Ակնոցների հետ տրամադրվում է նաև հատուկ Bluetooth հեռակառավարման վահանակ, որով կարող եք կառավարել սմարթֆոնները: Այս վահանակն ունի մի քանի ռեժիմ (սելֆի, երաժշտություն, մկնիկ, խաղեր և այլն): Վահանակից օգտվելուց առաջ խորհուրդ կտամ ծանոթանալ ստեղների գործառույթներին և ռեժիմները փոխելու մեթոդներին: 


VR ակնոցներից օգտվելու համար անհրաժեշտ է սմարթֆոնի վրա միացնել VR ռեժիմով աշխատող հավելված և այն տեղադրել VR սաղավարտի մեջ: Arloopa VR սաղավարտի մեջ հնարավոր է տեղադրել 3.5-ից 6 դույմ անկյունագծով սմարթֆոններ:



Ինչ է VR-ը և ինչպես օգտվել ակնոցներից

VR ակնոցներից օգտվելու համար պետք է նախևառաջ ստուգել, թե արդյոք Ձեր սմարթֆոնն ունի Gyroscope սենսորը: Ստուգելու համար կարող եք օրինակ բացել Youtube-ի iOS կամ Android հավելվածը, որոնել 360 video արտահայտությունը և բացել առաջարկվող տեսանյութերից որևէ մեկը: Եթե Ձեր սմարթֆոնի վրա հայտնվում է VR ակնոցի նշանը, ապա Ձեր հեռախոսն ունի այդ սենսորը: Կարող եք սեղմել այդ նշանի վրա և տեսանյութը կբացվի VR ռեժիմում: Ձեզ մնում է այն տեղադրել սաղավարտի մեջ և վայելել 360 աստիճանով իրականությունը:
Gyroscope-ի առկայությունը ստուգելու համար կարող եք նաև բացել Ֆեյսբուքում տեղադրված որևէ 360 տեսանյութ: Այդ տեսանյութի դիտման ընթացքում շարժեք սմարթֆոնը հորիզոնական և ուղղահայաց ուղղություններով: Gyroscope-ի առկայության դեպքում տեսախցիկի անկյունը կփոխվի և կկարողանաք դիտել բոլոր կողմերը: Օրինակ կարող եք փորձել այս տեսանյութի վրա: 


VR ակնոցներով խաղերում կամ տեսանյութերում կարող եք 360 աստիճան պտտվել և տեսնել բոլոր անկյունները: Որոշ VR խաղեր պահանջում են նաև հեռակառավարման վահանակի առկայություն: Օրինակ դրա միջոցով կարող եք որոշ խաղերում կրակել: 


Ինչ է իրենից ներկայացնում AR-ը

AR հապավումը բացվում է որպես Augmented Reality, իսկ VR-ը՝ Virtual Reality: Առաջինը նշանակում է լրացված իրականություն, իսկ երկրորդը՝ վիրտուալ իրականություն: АR-ի դեպքում օգտագործվում է նաև սմարթֆոնի տեսախցիկը: Օրինակ հենց Arloopa ընկերության կողմից նախկինում ստեղծվել են մի շարք հայտնի AR հավելվածներ (Coca-cola, կենդանի դինոզավր և այլն):


Որոշ խաղերում ներդրված են և AR, և VR տեխնոլոգիաները: Arloopa ակնոցների վրա կա հատուկ կափարիչ, որը բացելով կարող եք տեսնել սմարթֆոնի տեսախցիկը: Սա նախատեսված է VR/AR խաղերի համար:


Ի՞նչ VR խաղեր կամ հավելվածներ կան

1) Arloopa ընկերությունը ստեղծել է մի շարք VR խաղեր, որոնք միասին ունեն ավելի քան 1 միլիոն ներբեռնում: Դրանք գտնելու համար Google Play-ում կամ App Store-ում որոնք Arloopa բառը: 

2) Հայկական 360Stories ստարտափն ունի մի քանի հավելվածներ, որոնցում կարող եք միացնել VR ռեժիմը և վիրտուալ ռեժիմում տեսնել դիտարժան ու հասարակական վայրերը:

3) VR խաղերը կամ հավելվածները կարող եք գտնել Google Play-ում կամ App Store-ում որոնելով VR բառը:

4)Youtube-ում 360 տեսանյութեր գտնելու համար որոնեք 360 video բառակապակցությունը:

5) Ֆեյսբուքում նույնպես կան նմանատիպ վիդեոներ: Պարզապես որոնեք 360 video բառակապակցությունը և որոնման արդյունքներում բացեք Videos բաժինը:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն