Microsoft-ը թողարկեց նոր Անդրոիդ Launcher և դադարեցրեց Windows Phone համակարգի զարգացումը


Microsoft-ի փոխտնօրեն Ջո Բելֆիորեն իր Թվիթերի էջում գրառում է կատարել, որտեղ նշվում է, որ Microsoft Windows Phone բջջային օպերացիոն համակարգում այլևս զգալի փոխոխություններ ու թարմացումներ չեն լինի: Այսինքն՝ կթողարկվեն միայն որոշ ծրագրային շտկումներ և անվտանգությանը վերաբերող թարմացումներ: Սա նշանակում է, որ Windows Phone համակարգը գտնվում է իր ավարտական փուլում և այս համակարգով աշխատող սմարթֆոններ այլևս չեն թողարկվելու: Հիշեցնեմ, որ օրեր առաջ Windows Phone հեռախոսներ արտադրող վերջին ու միակ ընկերությունը՝ HP-ն հրաժարվեց այս համակարգով սմարթֆոններ թողարկելուց: Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը բոլորովին վերջերս հայտարարեց, որ Windows Phone-ից անցում է կատարում դեպի Android:


Սեփական օպերացիոն համակարգը զարգացնելու փոխարենը Microsoft-ի ջանքերն ուղղվելու են Android և iOS համակարգերի համար սեփական ծրագրերի բարելավմանը: Նշեմ, որ օրեր առաջ Անդրոիդ համակարգի համար Microsoft-ը թողարկեց Microsoft Launcher ծրագիրը, որի հիմնական գործառույթներից մեկը Continue on PC-ն է: Այս ֆունկցիան թույլ է տալիս աշխատանքը սկսել Android սարքի վրա, իսկ հետագայում շարունակել համակարգչի վրա: Continue on PC ֆունկցիան հասանելի կլինի Windows 10 Fall Creators Update թարմացումից հետո:
Microsoft Launcher-ի Feed գործառույթի միջոցով օգտատերերը կարող են հեշտ գտնել հաճախ օգտագործվող ծրագրերը, տեսնել վերջին նորությունները և իրադարձությունները: Feed-ը տեսնելու համար բավական է մատը տեղաշարժել ձախից աջ: Microsoft Launcher-ը թույլ է տալիս նաև սմարթֆոնի էկրանին տեղադրել Bing-ի թարմացվող նկարները:
Նշեմ, որ փաստացի Microsoft Launcher-ը հանդիսանում է նախկինում Arrow Launcher անունով հայտնի ծրագրի թարմացված ու վերափոխված տարբերակը: Այս նոր Launcher-ը կարող եք անվճար ներբեռնել Google Play-ից:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն