Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Android, թե iOS: Առավելություններն ու թերությունները



Երբեմն համացանցում հայտնվում են քննարկումներ և մարդիկ բաժանվելով երկու մասի սկսում են քննադատել դիմացինի կարծիքը և պաշտպանել իրենց տեսակետը: Օրինակ այդպիսի քննարկումներից են՝ «Ռեալ Մադրիդն է ավելի լավ թիմ, թե Բարսելոնան», «Մերսեդեսն է ավելի լավ մեքենա, թե BMW-ն», «Google Chrome-ն է ավելի լավ ինտերնետ դիտարկիչ, թե Mozilla-ն», Ռուսաստանն է ավելի ուժեք, թե Ամերիկան» և այլն: Անկեղծ ասած նմանատիպ հարցերը քննարկելը և դիմացինին ձեր կարծիքը պարտադրելը այդքան էլ ճիշտ չի, քանի որ նշվածներից յուրաքանչյուրն ունի իր դրական և բացասական կողմերը և այդքան էլ ճիշտ չի տարբեր բնութագրիչներ համեմատել իրար հետ: Օրինակ՝ «Բարսելոնան Ռեալից ավելի լավ թիմ է, քանի որ այնտեղ է խաղում Մեսին» կարծիքը չի կարող ճիշտ համարվել, որովհետև դրան հակառակ Ռեալի երկրպագուները կարող են ասել, որ Ռեալ Մադրիդը ավելի լավ թիմ է, քանի որ հաղթել է Չեմպիոնների Լիգայի 10 գավաթ: Այսինքն այստեղ նժարին են դրվում Ռեալի հաղթած գավաթներն ու Բարսելոնայում Լեոնել Մեսսիի հանդես գալու փաստը: Նմանատիպ քննարկումներում ամենաճիշտ ելքը երկու կողմերի միևնույն բնութագրիչների համեմատելն է և յուրաքանչյուր մարդու համար կհաղթի այն կողմը, որը կունենա այդ մարդու նախասիրությունների համեմատ ավելի շատ դրական կողմեր:


Սակայն այսօր խոսելու եմ ոչ թե ֆուտբոլի, այլ Android և iOS օպերացիոն համակարգերի մասին: Բնականաբար համեմատելու եմ այս երկու օպերացիոն համակարգերի դրական և բացասական կողմերը և վերջնական որոշումը թողնելու եմ ընթերցողների վրա:

Արագություն
Android համակարգը ժամանակի ընթացքում սկսում է դանդաղ աշխատել (Windows-ի նման) և պարբերաբար պետք է մաքրել անպետք ֆայլերը կամ ամբողջութամբ բերել սկզբնական վիճակի: Android-ը դանդաղ է աշխատում նաև այն դեպքում, երբ ինչ-որ հավելվավծներ են տվյալ պահին տեղադրվում կամ թարմացվում: Որոշ խաղերի առումով նույնպես երբեմն կարիք է լինում նախօրոք մաքրել RAM-ը, այնուհետև բացել խաղը, որպեսզի այն ավելի արագ աշխատի:

iOS-ի դեպքում նման խնդիր ես չեմ հանդիպել: Նույնիսկ երկարատև օգտագործելուց հետո iOS-ը աշխատում է այնպես, կարծես թե հենց նոր եք գնել: Ճիշտ է, երբեմն iOS-ն էլ կարող է դանդաղ աշխատել, բայց Android-ի հետ համեմատած iOS-ը արագությամբ հաղթող է ճանաչվում:

Ֆայլային համակարգ
Android համակարգը ավելի բաց համակարգ է և թողնում է կատարել բազմաթիվ փոփոխություններ: Օրինակ կարող եք փոխել արգելափակման էկրանը, ստեղնաշարը, զանգեր ընդունելու էկրանը, տեսնել ֆայլերի թղթապանակները և այլ ֆայլեր: Root անելուց հետո Անդրոիդը դառնում է ամբողջովին բաց համակարգ և կարող եք նույնիսկ փոխել համակարգային ֆայլերը:

iOS համակարգը այս առումով շատ փակ է և միայն բոլորովոին վերջերս է ավելացել կողմնակի ստեղնաշարեր օգտագործելու ֆունկցիան: Իսկ ֆայլերն ու դրանց թղթապանակները տեսնել հնարավոր է միայն Jailbreak անելուց և հատուկ ծրագրեր տեղադրելուց հետո: Jailbreak-ից հետո կարող եք նաև տեսնել և փոխել համակարգային ֆայլերը:

Անվտանգություն
Քանի որ Android համակարգն ավելի բաց համակարգ է, այդ պատճառով այստեղ հավանականությունը ավելի շատ է, որ վիրուսներ և վնասակար հավելվածներ կհայտնվեն:

Հավելվածներ
Android համակարգում հնարավոր է տեղադրել հավելվածներ ոչ միայն պաշտոնական Google Play-ից: Այսինքն կարող եք համացանցից ներբեռնել հավելվածի apk ֆայլն ու տեղադրել: Այսինքն այն հավելվածները, որոնք Google Play-ում վճարովի են կամ արգելափակված, կարող եք այլ կայքերից ներբեռնել և տեղադրել: Բացի այդ, Android-ի համար ստեղծված հավելվածներ ավելի շատ կան, քանի iOS-ի:

iOS-ում հնարավոր է տեղադրել միայն App Store-ից ներբեռնված հավելվածները: Այս սահմանափակումը հնարավոր է հանել միայն սարքը Jailbreak անելուց հետո:

Համակարգի թարմացում
Android համակարգի նոր տարբերակները հասանելի են դառնում միայն որոշակի մոդելի հեռախոսների վրա: Այսինքն, եթե Ձեր հեռախոսի վրա տեղադրված է Android 4.4 Kitkat, ապա հավանականությունը մեծ է, որ այդպես էլ չստանաք Android 5.0 Lollipop կամ ավելի նոր օպերացիոն համակարգերը:

iOS-ում նոր թարմացումները հասանելի են դառնում բոլոր օգտատերերի և սարքերի վրա՝ բացառությամբ շատ հին մոդելների:

Ծրագրավորողների համար
Android համակարգի հավելված հնարավոր է ստեղծել Windows օպերացիոն համակարգում, իսկ iOS հավելված ստեղծելու համար պետք է ունենաք MAC OS X: Google Play-ում հավելվածներ տեղադրելու համար պետք է միանվագ վճարեք 25 ԱՄՆ դոլար, իսկ App Store-ում հավելված տեղադրելու համար պետք է տարեկան վճարեք 99 ԱՄՆ դոլար:

BlueTooth
Անդրոիդով աշխատող ցանկացած հեռախոս կարող է Bluetooth-ի միջոցով ֆայլեր փոխանցել այլ հեռախոսի, իսկ iOS-ով աշխատող հեռախոսները Bluetooth-ով ֆայլեր են փոխանակում միայն iOS-ով աշխատող հեռախոսների հետ:

MicroSD քարտ
iOS-ով աշխատող սարքերը չունեն հիշողության քարտեր տեղադրելու ֆունկցիա, այլ պատչառով երբեմն կարիք է լինում ջնջել հին հավելվածներ, որպեսզի նոր հավելվածի համար ազատ ծավալ առաջանա: Android-ով աշխատող սարքերի ճնշող մեծամասնությունը ունեն հիշողության քարտ տեղադրելու հնարավորություն:

Տեսախցիկ, պրոցեսոր և այլ մոդուլներ
Այստեղ միանշանակ հաղթող չկա, քանի որ գոյություն ունեն բազմաթիվ Android սարքեր, որոնք ունեն տարբեր տեսախցիկներ, պրոցեսորներ, մատնահետքերի սկաներներ և այլ մոդուլներ: Այս պարամետրերով պետք է համեմատեք կոնկրետ հեռախոսներ:

Ֆիզիկական Back կոճակ
Android հեռախոսները հիմնականում ունենում են նախորդ էջին կամ քայլին վերադառնալու կոճակը, որը հիմնականում շատ է պետք գալիս: Չնայած, որ iOS 9-ի որոշ միջավայրերում առաջացել է հետ գնալու կոճակ, սակայն այն ամբողջությամբ չի կարող կատարել ֆիզիկական back կոճակի դերը:

Widget-ներ
Անդրոիդում կարող եք էկրանի վրա տեղադրել տարբեր Widget-ներ (օր. ժամացույց, օրացույց, երգերի փլեյլիսթ և այլն): iOS համակարգն այս առումով խիստ է և միայն վերջերս է հայտնվել Notification-ներում Widget-ներ տեղադրելու հնարավորությունը:

Պարզություն
iOS համակարգով աշխատելն ավելի հեշտ է ու պարզ: Այստեղ հավելվածները տեղադրվում են էկրանի վրա և բոլոր գործողությունները կատարվում են Home կոճակի միջոցով: Android-ում հավելվածների հղումները տեղադրվում են հիմնական էկրանի վրա, իսկ իրական հավելվածները՝ այլ էկրանի վրա: Սա երբեմն խառնաշփոթություն է առաջացնում ոչ փորձառու օգտատերերի մոտ:

Գին
Քանի որ Android համակարգով հեռախոսներ արտադրում են մեծ թվով ընկերություններ, այդ պատճառով այս հեռախոսները ավելի էժան են: iOS-ով աշխատող հեռախոս արտադրում է միայն Apple ընկերությունը և կարելի է ասել այստեղ մենաշնորհ է: Իսկ մենաշնորհի դեպքում բոլորս էլ գիտենք, որ գինը ավելի թանկ է լինում:

Բրենդային
Apple-ը այժմ համարվում է ամենաթանկ ապրանքանիշը և iPhone հեռախոսներն ավելի բրենդային են ու յուրահատուկ: Android հեռախոս կարող է ստեղծել նաև Չինական անհայտ ծագմամբ ինչ-որ ընկերություն, այդ պատճառով այստեղ անկասկած հաղթում է iOS-ը:

Ամփոփում
iOS-ը հաղթում հետևյալ բնութագրերով՝
Արագություն
Անվտանգություն
Համակարգի թարմացում
Պարզություն
Բրենդային

Android-ը հաղթում է հետևյալ բնութագրերով՝
Ֆայլային համակարգ
Հավելվածներ
Ծրագրավորողների համար
BlueTooth
MicroSD քարտ
Ֆիզիկական Back կոճակ
Widget-ներ
Գին

Այսպիսով այս երկու համակարգերի մեջ ընտրություն կատարելու համար պետք է որոշեք Ձեզ համար կարևոր բնութագրերը և ըստ դրանց ընտրեք օպերացիոն համակարգը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն