Apple-ի նոր օպերացիոն համակարգը կոչվելու է macOS Sierra

Ամսաթիվ


WWDC 2016 համաժողովի ժամանակ Apple ընկերությունը ներկայացրեց նոր օպերացիոն համակարգ, որը կոչվում է ոչ թե OS X, այլ macOS: Նախկին անվանումը օգտագործվում էր 15 տարիների ընթացքում, իսկ այժմ Apple-ը որոշել է այն համապատասխանեցնել իր մնացալ համակարգերի անվանումներին՝ iOS, watchOS, tvOS և macOS: Այսպիսով Apple-ի նոր օպերացիոն համակարգը կոչվելու է macOS Sierra:


Այս նոր համակարգի ամենանշանակալի փոփոխությունը Siri-ի հետ աշխատելու գործառույթն է: Համակարգիչների և նոթբուքների վրա Siri վիրտուալ օգնականն աշխատելու է նույն մեխանիզմով, ինչ շարժական սարքերի վրա: Համապատասխան կոճակի վրա սեղմելով օգտատերերը կարող են ստեղծել հիշեցումներ, ուղարկել հաղորդագրություններ, բացել ծրագրեր, ճշտել ինֆորմացիաներ և այլն: Siri-ի համակարգչային տարբերակը ունակ է նաև կատարել ֆայլերի որոնումներ:


macOS Sierra-ի հետաքրքիր նորույթներից է նաև «Խելացի ժամացույց»-ի միջոցով համակարգ մուտք գործելու ֆունկցիան: Այսինքն համակարգն ավտոմատ ապաարգելափակվում է, եթե մոտակայքում գտնվող օգտատիրոջ ձեռքին կա Apple Watch:


macOS Sierra-ում ավելացել է ընդհանուր բուֆեր, որի շնորհիվ հնարավոր է տեքստերը պատճենել և միանգամից տեղադրել iPhone/iPad սարքերում կամ հակառակը: 


Հեշտացվել է նաև iCloud-ի միջոցով ֆայլերի հետ աշխատելու գործընթացը: Համակարգում ավելացել է նաև ծավալ խնայելու նոր գործառույթ, որը հին և չօգտագործվող ֆայլերը տեղափոխելու է iCloud-ի վրա: Հնարավորություն է ստեղծվել տարբեր սարքերի միջև սինխրոնիզացնել աշխատանքային սեղանները:


Safari ինտերնետ դիտարկիչը ստացել է Apple Pay-ով աշխատելու հնարավորություն: Այժմ օգտատերերը կարող են ինտերնետում կատարել գործարքներ Apple Pay-ի միջոցով: Սակայն անհրաժեշտ է լինելու ձեռքի տակ ունենալ նաև iPhone, որպեսզի գործարքը ավարտին հասցվի:


macOS Sierra-ի բետա տարբերակը հասանելի կլինի հուլիսին, իսկ վերջնական տարբերակը՝ ս.թ. աշնանը: macOS Sierra-ի թարմացումը կլինի անվճար:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն