Ամբողջովին թարմացվել է ArmRadio հավելածը



Մեկ տարվա դադարից հետո որոշել եմ վերսկսել Armblog.net-ը գործունեությունը: Կփորձեմ բլոգի հետևորդներին նորից տեղեկացնել ՏՏ աշխարհում կատարվող նորարարություններին ու կիսվել օգտակար գրառումներով: Նման երկարատև դադարից հետո դժվար է միանգամից ապահովել գրառումների նույն ինտենսիվությունը, սակայն ժամանակի ընթացքում հուսով եմ կվերադառնամ նույն տեմպին: Շնորհակալ եմ բլոգի հետևորդներից, ովքեր այս ընթացքում նամակներով փորձում էին հասկանալ, թե ինչու է դադարել բլոգի գործունեությունը և ցանկանում էին բլոգում տեսնել նոր օգտակար և հետաքրքիր գրառումներ:
Ցանկանում եմ տեղեկացնել, որ դադարից հետո առաջին գրառումը նվիրում եմ Անդրոիդի համար վերջերս իմ կողմից ստեղծված հայտնի Ալիաս խաղի հայերեն տարբերակին, որը միակը չի, սակայն ունի որոշ առավելություններ, որոնց կանդրադառնամ այս գրառման մեջ: Հիշեցնեմ, որ մոտ 15 տարի առաջ բլոգի առաջին գրառումը նույնպես նվիրված էր իմ կողմից ստեղծված խաղերից մեկին:
Այսպիսով ներկայացնում եմ Ալիաս խաղը, որտեղ պահանջվում է խաղաքարտի բառերը բացատրել թիմակիցներին այլ բառերով՝ առանց արմատ օգտագործելու: Արգելվում է նաև բացատրելու ընթացքում օգտագործել տվյալ բառի այլ լեզուներով տարբերակները (թարգմանությունները):

Յուրաքանչյուր գուշակած բառի համար թիմը ստանում է 1 միավոր: Խաղաքարտի վրայի բոլոր բառերը գուշակելու դեպքում ցուցադրվում է նոր խաղաքարտ՝ նոր բառերով: Եթե բացատրողը խախտում է կանոնները (օրինակ արմատ է օգտագործում), ապա նա այլևս չի կարող տեսնել հաջորդ քարտը: Նա կարող է միայն բացատրել տվյալ խաղաքարտի մնացած բառերը:
Խաղում հասանելի է նաև «ՄԵկ բառ» ռեժիմ, որտեղ խաղաքարտի վրա ցուցադրվում է ընդամենը մեկ բառ: Հնարավորություն կա բաց թողնել այդ բառը և անցնել հաջորդ բառին, սակայն այդ դեպքում թիմից հանվում է 1 միավոր յուրաքանչյուր բաց թողնված բառի համար:
Խաղի առավելություններն են`
⮞Ամբողջովին անվճար
⮞Չի ներառում գովազդ
⮞Ավելի քան 7000 բառ
⮞Դժվարության ճկուն ընտրություն (հեշտ ռեժիմը կարող են խաղալ նաև երեխաները)
⮞Յուրաքանչյուր փուլի վերջում արհեստական բանականության միջոցով գեներացված ձայնի միջոցով հաղորդվում է վաստակած միավորների քանակը (հայերենով):
Ալիաս խաղում հնարավոր է ընտրել՝
⮞Խաղի տեսակը («Քարտ» կամ «Մեկ բառ»)
⮞Բառերի դժվարությունը («Հեշտ», «Միջին»,«Դժվար»,«Խառը»)
⮞Միավորների առավելագույն քանակը
⮞Փուլի տևողությունը (վայրկյաններով)
⮞Թիմերի քանակը
⮞Թիմերի անունները
⮞Քարտի բառերի քանակը











Google ընկերությունն անվանափոխել է Bard նեյրոցանցը: Այսուհետ bard.google.com կայքը վերահասցեավորվելու է gemini.google.com նեյրոցանցի վրա: Այս նեյրոցանցի անվճար տարբերակն աշխատում է Gemini Pro 1.0 նեյրոցանցի հիման վրա և աշխատում է ինչպես տեքստերի, այնպես էլ նկարների հետ: Նեյրոցանցը կարող է նաև տեքստից գեներացնել նկարներ:
Google-ը նաև թողարկել է Gemini Advanced վճարովի նեյրոցանցը (ամսական 20$), որն աշխատում է Google-ի ամենահզոր և ամենաֆունկցիոնալ Gemini Ultra 1.0 նեյրոցանցի հիման վրա:
Google-ը Անդրոիդ համակարգի համար թողարկել է նաև Gemini բջջային հավելվածը, որի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ օգտատերը կարող է Google Assistant-ը փոխարինել Gemini-ով: Այսինքն Gemini-ն հնարավոր է բացել սմարթֆոնն անջատելու ֆիզիկական կոճակով, կամ Google Assistant-ը կանչելու մնացած տարբերակներով (օրինակ «Ok, Google» հրամանով): Բջջային տարբերակն ընդունում է տեքստային և ձայնային հրամաններ, ինչպես նաև կարողանում է անալիզ անել վերբեռնված լուսանկարները: Հետագայում այն կկարողանա նաև կառավարել սմարթ տունը և կատարել Google Assistant-ի մնացած ֆունկցիաները:

iOS համակարգում նույնպես հայտնվել է Gemini նեյրոցանցը, սակայն այն չունի առանձին հավելված: Նեյրոցանցից հնարավոր է օգտել Google-ի հավելվածի միջոցով: Հավելվածներն առայժմ հասանելի են միայն ԱՄՆ-ի տարածաշրջանի համար են, սակայն մոտակա շաբաթներում հասանելի կլինեն նաև մնացած երկրների համար:
Կարդալ ավելին




Եվրամիությունը պարտավորեցրել է Apple-ին թույլ տալ iOS համակարգում հավելվածներ տեղադրել ոչ միայն App Store-ից, այլև ալտերնատիվ օնլայն հարթակներից, որոնց մոդերացիա կանցնեն Apple-ի կողմից: Փոփոխություններն արդեն ուժի մեջ են մտնելու մարտ ամսից (iOS 17.4-ից սկսած), ինչի մասին Apple-ը պաշտոնապես հաստատել է իր կայքում:

Եվրամիության որոշման պատճառն այն է, որ Apple-ը միջնորդավճարներ է գանձում թե հավելվածներ գնելիս, թե դրանցում տրանզակցիաներ (հավելվածի մեջ գնումներ) կատարելիս: Apple-ը նաև տարեկան բաժանորդավճար է պահանջում App Store-ում հավելված տեղադրելու համար (թե՛ վճարովի, թե՛ անվճար): Այսպիսով Եվրամիությունը պահանջել է իր անդամ երկրների տարածքներում վերացնել մենաշնորհը և թույլ տալ ծրագրեր մշակողներին իրենց հավելվածները տեղադրել այլ հարթակներում և օգտատերերին թույլ տալ հավելվածներում տրանզակցիաներ կատարել ալտերնատիվ մեթոդներով:

Թվում է, թե Եվրամիության հետ խնդիրը կարգավորման փուլում է, սակայն Apple-ը մտածել է նոր միջնորդավճար, որը կոչվում է Core Technology Fee (իր թվային ծառայություններից օգտվելու դիմաց): Եվրամիության տարածքում հավելվածներ մշակողները պետք է տարվա մեջ 1 միլիոնից ավել ցանկացած հաջորդ ներբեռնման համար Apple-ին վճարեն 0.5 եվրո (անկախ նրանից հավելվածը App Store-ում է, թե ալտերնատիվ հարթակում): Այս միջնորդավճարը բնականաբար բուռն քննարկման առիթ է դարձել: Այս միջնորդավճարի դեմ է խոսել նաև Spotify-ի ղեկավարությունը:

Ստացվում է, որ հայտնի անվճար հավելվածների հեղինակները ահռելի գումարներ են տալու Apple-ին զուտ ներբեռնումների համար: Բացի այդ, եթե նույնիսկ հավելվածն առաջարկում է գնումների ալտերնատիվ միջոց, սակայն տեղադրված է App Store-ում, միևնույն է պետք է Apple-ին վճարի հավելվածի վաճառքից 17% միջնորդավճար: Apple-ը նաև նոև միջնորդավճարները հաշվելու հաշվիչ է տեղադրել իր կայքում, որտեղ օրինակ կարող ենք տեսնել, որ 2 միլիոն ներբեռնում ունեցող անվճար հավելվածի հեղինակը պետք է ամսական Apple-ին վճարի 45.290 ԱՄՆ դոլար:

Ինչ վերաբերվում է Epic Games-ին, ապա չի բացառվում, որ Եվրամիության տարածքում iOS-ի համար կհայտնվի Epic Games Store, որտեղից հնարավոր կլինի նաև ներբեռնել Fortnite խաղը: Հիշեցնեմ, որ Apple-ի և Epic Gamesի միջև վաղուց կոնֆլիկտ կա խաղի մեջ կատարված տրանզակցիաների միջնորդավճարների պատճառով, ինչի հետևանքով Epic Games-ը iOS-ում անհասանելի էր դարձրել Fortnite խաղը:

Apple-ի նոր փոփոխությունները կազդեն նաև ամպային խաղային ծառայությունների վրա. App Store-ում կթուլատրվի տեղադրել GeForce Now, Xbox Cloud և այլ նմանատիպ ծառայություններ: Այս փոփոխությունը վերաբերում է ոչ միայն Եվրամիության երկրներին:

Եվրամիության տարածքում Apple-ը նաև թույլ է տալու իր սարքերի NFC մոդուլներն օգտագործել ոչ միայն Apple Pay-ով վճարումներ կատարելու համար (օրինակ բանկային հավելվածները և թվային դրամապանակները):

Եվս մեկ փոփոխություն վերաբերում է ինտերնետ դիտարկիչներին: Apple-ը Եվրամիության տարածքում թուլատրելու է նմանատիպ հավելվածներին սեփական WebKit գրադարանի փոխարեն օգտագործել այլ գրադարաններ: Օրինակ Chrome-ը կարող է օգտագործել նույն Blink գրադարանները, ինչ այլ սարքերի վրա: Սակայն ևս մեկ անգամ նշեմ, որ սա վերաբերում է Եվրամիության անդամ երկրներին: Firefox-ից արդեն հասցրել են բողոքել այս առիթով, քանի որ այս դեպքում նրանք պետք է միաժամանակ երկու ծրագիր ունենան, որոնք տարբեր երկրներում աշխատում են տարբեր գրադարաններով:

Դիտարիչների մասով ևս մեկ փոփոխություն կա: Safari դիտարկիչն առաջին անգամ բացելու դեպքում Apple-ը առաջարկելու է ընտրել համակարգի լռելյայն դիտարկիչը (default browser): Նախկինում դիտարկչի ընտրությունը թաքնված էր միայն iOS-ի կարգավորումներում:
Կարդալ ավելին

2011 թվականին ԱՄՆ-ի հատուկ ուժայինները Ուսամա բեն Լադենին սպանելուց հետո առգրավվել են նրա համակարգիչը և այնտեղ գտնվող ֆայլերը տեղադրել Կենտրոնական հետախուզական վարչություն պաշտոնական կայքում (բացառությամբ որոշ գաղտնի և ոչ ցենզուրային ֆայլերի):
Ընդհանուր առմամբ կայքում տեղադրված են մոտ կես միլիոն ֆայլեր, որոնց մեջ կան 18.000 փաստաթղթեր, 79.000 աուդիո և ֆոտո ֆայլեր, ավելի քան 10.0000 վիդեո ֆայլեր:

Զավեշտալին այն է, որ այլ ֆայլերի մեջ կան Final Fantasy VII խաղի կրկնօրինակը, բազմաթիվ մուլտֆիլմեր, ֆիլմեր (Resident Evil) և անիմեներ: Ֆայլերի մեջ կան նաև DS խաղային կոնսոլի էմուլյատորի .sav ֆորմատով խաղեր (New Super Mario Bros. և Animal Crossing: Wild World):
Ուսամա բեն Լադենի համակարգչի ֆայլերի մեջ կան նաև Tom & Jerry մուլտֆիլմի 140 սերիաներ, որոնք մնացած ոչ լիցենզիոն ֆայլերի հետ կարող եք անվճար ներբեռնել անմիջապես ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչություն կայքից: Նշեմ նաև, որ կայքում կան ֆիլտրեր, որոնցով հնարավոր է տեսնել օրինակ միայն վիդեոները կամ նկարները:
Կարդալ ավելին