Թարմացվել է ArmRadio հավելվածը և ադապտացվել մեքենաների համար

Վերջերս Հայաստանում զգալիորեն աճել է չինական էլեկտրական մեքենաների քանակը, որոնցում հաճախ անհրաժեշտ է տեղադրել լրացուցիչ Android հավելվածներ, որպեսզի գոնե հնարավոր լինի լսել օնլայն ռադիոկայաններ։
Հավանաբար շատերդ արդեն օգտագործում եք ArmRadio հավելվածը, որը տարիներ առաջ ստեղծվել էր որպես Google Chrome հավելված, իսկ հետագայում դարձավ հասանելի նաև որպես Android հավելված։
Հավելվածը երկար ժամանակ չէր թարմացվել, ինչի արդյունքում առկա էին մի շարք ծրագրային և ինտերֆեյսի հետ կապված խնդիրներ։
Ուրախ եմ տեղեկացնել, որ այժմ հավելվածը թարմացվել է և ներառում է մի շարք նոր ու վերամշակված գործառույթներ։ Ամենակարևոր փոփոխություններից մեկը ինտերֆեյսի թարմացումն է․ այն ադապտացվել է մեքենաների և պլանշետների էկրաններին, ավելացվել է մուգ թեմա, ինչպես նաև ներդրվել է լոգոների սալիկներով ինտերֆեյս (նախկինում հասանելի էր միայն ցուցակը)։

Մյուս նորությունն այն է, որ արդեն հասանելի է նաև
http://radio.armblog.net/ կայքը, որտեղ կարելի է անմիջապես ինտերնետ դիտարկչում լսել ռադիոկայանները։ Այսինքն՝ եթե ձեր մեքենայում կամ այլ սարքում (օրինակ՝ iOS) հնարավոր չէ տեղադրել Android հավելվածներ, կարող եք օգտվել վեբ տարբերակից։

Android սարքերում հավելվածը կարելի է ներբեռնել ինչպես Google Play-ից, այնպես էլ Aurora Store, RuStore, Huawei AppGallery-ից։ Հասանելի է նաև APK ֆայլը ներբեռնելու և ինքնուրույն տեղադրելու տարբերակը։
Եթե նույնիսկ ձեր մեքենայում չկա Android օպերացիոն համակարգ, բայց այն ունի Android Auto, ապա վերջին թարմացումը թույլ է տալիս օգտվել հավելվածից նաև Android Auto միջավայրում։ Այս գործառույթը դեռ փորձնական բետա փուլում է, այնպես որ հնարավոր են որոշակի խնդիրներ:
.png)
Նշեմ, որ հավելվածը որևէ շահույթ չի հետապնդում և չի պարունակում ոչ թաքնված, ոչ էլ բացահայտ գովազդ:
Ահա հավելվածի հիմնական առավելությունները՝
✓ Անվճար և առանց գովազդների
✓ Աշխատում է ֆոնային ռեժիմում
✓ Բոլոր հայկական օնլայն ռադիոկայանները՝ ավտոմատ թարմացմամբ
✓ Սպիտակ և մուգ ինտերֆեյս
✓ Ցանցային կամ ցուցակային ադապտիվ դասավորություն
✓ «Ընտրյալներ» ցանկ
✓ Կառավարում մեքենայի ղեկի և Bluetooth կոճակների միջոցով
✓ Սեփական ռադիոկայաններ ավելացնելու հնարավորություն
✓ Android Auto միջավայր
✓ Հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով
Ուրախ կլինեմ լսել ձեր կարծիքներն ու առաջարկները հետագա թարմացումների համար։