OpenAI-ն հայտարարել է առողջությանը նվիրված առանձին բաժնի՝ ChatGPT Health-ի գործարկման մասին

OpenAI-ն հայտարարել է ChatGPT Health ծառայության գործարկման մասին։
Սա ChatGPT-ի ներսում նոր, առանձին բաժին է, որը նախատեսված է բացառապես առողջության հետ կապված հարցերի համար՝ համադրելով օգտատիրոջ առողջական տվյալներն ու ChatGPT-ի արհեստական բանականությունը։
Օգտատերերը կկարողանան միացնել առողջության հավելվածներ, ինչպիսիք են Apple Health և MyFitnessPal, ինչպես նաև (ցանկության դեպքում) տրամադրել բժշկական քարտերի հասանելիություն, որպեսզի խորհուրդներն ու վերլուծությունները լինեն ավելի անհատականացված և ճշգրիտ։ Կարևոր է, որ այս տվյալները չեն փոխանցվում այլ չատերի և մնում են միայն ChatGPT Health բաժնի շրջանակում։
ChatGPT Health-ի միջոցով հնարավոր կլինի հետևել առողջական պատմությանը, վերլուծել անալիզների արդյունքները, խորհրդակցել մարզումների և սննդակարգի վերաբերյալ, ինչպես նաև պատրաստվել բժշկի այցին։
«ChatGPT Health-ը ստեղծվել է բժշկական օգնությանը աջակցելու համար, ոչ թե այն փոխարինելու։ Այն նախատեսված չէ ախտորոշման կամ բուժման համար։ Փոխարենը այն օգնում է կողմնորոշվել առօրյա հարցերում և ավելի պատրաստ լինել կարևոր բժշկական զրույցներին»
— OpenAI
Առայժմ ծառայությունը հասանելի է բետա տարբերակով՝ միայն սպասման ցանկում գտնվող օգտատերերի համար, իսկ մոտ ապագայում այն կբացվի բոլորի համար՝ ChatGPT-ի վեբ տարբերակում և iOS-ում։