Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Բանաստեղծություն: Նամակ

Բանաստեղծություն: Նամակ


Սեղանիս վրա դատարկ նամակն այս, 
Գնալուց առաջ որ դու ես թողել
Եվ հրաժեշտի խոստումը այդ սուտ, 
Որ որոշել եմ էլ քեզ չսիրել,
Այստեղ սենյակում, որտեղ շատ օրեր,
Մենք զրուցել ենք մինչև առավոտ,
Որտեղ մեր վերջին շունչը չի կորել, 
Տարրալուծվում է անկուշտ մի կարոտ։
Եվ կիսատ, ինչպես շատերը կասեն, 
Ես ծամում եմ իմ մազերը երկար,
Ես հավաքում եմ իմ հայելիների
Արտացոլանքի ժպիտը տկար,
Եվ հորինում եմ, թե ամեն բան էլ
Այս կյանքում գալիս ու անցնում է լուռ,
Եվ այդ լռության հորինած ցավում
Ես մեզ եմ գտնում լքված ու տխուր։
Ի՛մ տարերք, ի՛մ հող, ի՛մ ջուր, օ՛դ , կրա՛կ, 
Լսում ես հիմա, ես քեզ եմ կանչում,
Ու իմ ձեռքերով հորինած ցավից
Ես վախենում եմ, բայց չեմ ամաչում։
Դու գիտես՝ որքան հպարտ է հոգիս
Ու ինչքան սառն են դատում մտքերս,
Բայց ինչպես առաջ, մնա դու կողքիս 
Եվ նուրբ խնամքով շոյիր հետքերս։
Դու գիտես՝ որքան հպարտ եմ, ի՛մ սեր,
Եվ գիտես, որ ես չեմ վերադառնում,
Բայց գիտես նաև, որ այս նոր խաղում 
Ես ոչ ապրում եմ, ոչ էլ մահանում։
Իսկ հետո նորից գիշերը հանդարտ
Կփոխվի մի նոր ցուրտ առավոտի,
Եվ մեզ, սիրելի՛ս, կսպասվի նորից
Մի երկար գիշեր անզուսպ կարոտի...
Մենք գիտենք՝ որքան դժվար է հիմա 
Սիրել ու լինել իրարից հեռու,
Ես եմ հեռացել, բայց դու՛ ետ դարձիր, 
Խոստացի՛ր, որ էլ չեմ հեռանալու։

Հեղինակ՝ Ծովինար Բանուչյան
Կարդալ ավելին
Բանաստեղծություն: Ընկերները

Բանաստեղծություն: Ընկերները



Երբեք հենց այնպես ոչ ոք այս կյանքում քեզ չի գա այցի,
Հեռացումներից դու միշտ էլ սպասիր ինչ-որ ետ դարձի,
Այդ անունները մեկ-մեկ քո մտքով կգան ու կանցնեն,
Որ քո խունացող հիշողության մեջ հուշեր արթնացնեն…
Կհիշես ցավով կամ էլ ժպիտով, կգտնես կամ ոչ,
Նրանք կթվան քեզ շատ կարևոր կամ հյուրեր անկոչ,
Եվ կիսատ բառեր, խոսքեր կամ երազ կլսես աղոտ,
Ու քո մեջ քեզնից անկախ դու կզգաս մի քաղցր կարոտ…
Որ քեզ լքեցին, որ քեզ փրկեցին, մատնեցին կամ էլ,
Որ քեզ ներեցին կամ սովորեցրին հիշաչար լինել,
Այդ ընկերները, որ ինչ-որ մի լույս թողեցին քո մեջ,
Կլինեն կյանքում երբեք չթերթված, անավարտ մի էջ...

Հեղինակ՝ Ծովինար Բանուչյան
Կարդալ ավելին
Բանաստեղծություն: Ծիածան

Բանաստեղծություն: Ծիածան


Ես սիրում եմ գարնան անձրև հորդառատ,
Երբ գալիս է գիշեր ու զօր անընդհատ,
Երբ հալեցնում, ջուր է դարձնում ձյունը պաղ,
Որի տակին քուն է մտել սերմը վաղ...


Իսկ անձրևից հետո պայծառ արեգակ,
Երբ ծիլերն են հասակ առնում շարունակ,
Երբ կանաչն է շողին տալիս արտերում,
Նոր արթնացող մանկան ժպիտն աչքերում...


Երբ երփներանգ ծիածանն է կամարել,
Իր կամուրջով երկու սարեր է կապել...
Օ՜՜, այդ պահին մի նոր սիրտ եմ ես առնում,
Ոսկե երազ, հեռուներում սավառնում...
Կարդալ ավելին
Բանաստեղծություն: Դու իմ աչքերին

Բանաստեղծություն: Դու իմ աչքերին


Դու իմ աչքերին այդպես մի նայիր,
Նրանք քեզ ոչինչ,ոչինչ չեն ասի.
Նրանց մեջ լույս կա,պետք է թարգմանել,
Միայն թե զգույշ,հոգատար սիրով,
Քանզի սիրելիս նրանք կտխրեն,
Կապույտ աչքերս հոգսեր շատ ունեն:
Բայց չէ,մեկ-մեկ էլ աչքերիս նայիր,
Նրանք քեզ երբեք,երբեք չեն խաբի,
Նրանք քո դեմքին ժպիտ տեսնելու համար են ծնվել...


Հեղինակ՝ Պարույր Սևակ
Կարդալ ավելին
Բանաստեղծություն Արթուրի մասին

Բանաստեղծություն Արթուրի մասին



Ներկայացնում եմ ինտերնետում տարածված մի բանաստեղծություն:

Արթուր Պողոսյան` մերօրյա հսկան
Մի օր երազում տեսավ ֆիզիկան,
Դե ոնց ֆիզիկան, երազում пришел
Գալիլեյ, и вдруг разговор зашел:
"Ես դու եմ, դու ես ես",- ասաց տղային
Արթուրն էլ ընկավ ճամփա աստղային:
Հաստատ որոշեց աստղագետ դառնալ
Ու մեծ կոսմոսին շուտով տիրանալ,
Բայց նախ և առաջ, կարգի համաձայն
Նա հայտնաբերեց մի աստղ անձայն:
Հետո որոշեց, որ լույսի համար
Նոր արագությունը կլինի հարմար:
Մի քիչ էլ ճիշտ է Նյուտոնը տուժեց`
Արթուրը նրա գրածը մերժեց:
...Ու հայտարարեց ի լուր աշխարհի,
Որ մոլորակից` չանցած զույգ տարի,
Կանհետանան Անգլիան, Ֆրանսիան,
Մեկ էլ իհարկե էն խեղճ Ճապոնիան:
Կլիմայի հարցերը նա լուծեց պռծավ
ПЛАНЕТА X-ի գործերին անցավ:
Էտ էլ իհարկե արեց հորով-մորով
Ու без проблем ընդունվեց Ломоносов:
Էս ամեն ինչը իմացավ NASA-ն
Շուտափույթ կերպով եկավ Ռուսաստան,
Կանտռակտ-մանտռակտը վռազ կապեցին
Մեր Արթուրիկին ցեխավորեցին:
Իսկ էտ ընթացքում կոնֆերանս մի մեծ`
Гаагский,որում Արթուրը հաղթեց:
Էսքանից հետո նոր Արթուր Արքան
Եկավ հայրենիք` չքնաղ Հայաստան:
Դե համ որ գտնի ցեխին մայրապետ,
Ու համ էլ մեզ մոտ կա մի հատ մարզպետ,
Որ Արթուրիկին լուրջ ա ընդունել!!!
Եվ որոշել ա հանճարին տեսնել:
Մարզպետը տեսավ` բլեֆը անցավ,
Արթուրի փառքը Երևան հասավ:
Մի տիկին էլ կա` Սփյուռքի նախարար,
Նրա աչքին էլ տղան գյուտարար:
...Ու տենց, Արթուրը ЗВЕЗДАյա արդեն,
Մնումա նրան մարգարե կարգեն...
...Իսկ պատմությունը ինչքան էլ տխուր,
Բայց շատ ուրախա, ՄԵՐՍԻ ՔԵԶ ԱՐԹՈՒՐ!!!
Կարդալ ավելին
Բանաստեղծություն: Գարուն է գալիս

Բանաստեղծություն: Գարուն է գալիս


Օդում ինչ-որ բան կարծես հուշում է,
Որ Գարունն արդեն ճանապարհին է,
Դրսում դեռ ցուրտ է, բայց երևում է`
Ծերուկ Ձմեռն իր վերջին շնչին է:

Հողը հոգնել է պարապությունից,
Ձմռան տաղտուկից ուժը հատել է,
Գարնան կարոտից երկինքը տրտմել,
Իսկ արևն ասես գույնը գցել է:

Եվ վայելում է օրերն իր վերջին
Սառնասիրտ, դաժան ծերուկ Ձմեռը,
Ուզում է ցույց տալ, որ երեք ամիս
Ինքն է եղել այս աշխարհի տերը:

Օդի բույրն անգամ լրիվ փոխվել է,
Արևն իր շողով խուտուտ է տալիս,
Արդեն ձյուն չկա, միայն անձրև է.
Ծերուկ Ձմեռն իր վախճանն է լալիս:

Անորոշ մի բան հոգիս խառնում է,
Սիրտս ինձ նորից հանգիստ չի տալիս,
Ուզում եմ ճչալ. հոգիս այրվում է,
Գիտեմ. պարզապես Գարունն է գալիս...
Կարդալ ավելին
Բանաստեղծություն: Բարև, ես եմ

Բանաստեղծություն: Բարև, ես եմ


Բարև, ես եմ…
Կենդանի եմ, տես ես ողջ եմ…

Ի՞նչ ես խոսե’լ, ի՞նչ ես ասե’լ,
Ես այդպիսի բան չեմ լսել:
Չէ, չեմ լսել, թե ասել ես,
Որ էլ չգամ,
Որ էլ երբեք քեզ ձայն չտամ:
Ես չեմ լսել, թե ասել ես,
Որ քո կյանքում ես էլ չկամ…

Իջի’ր, շուտ-շուտ, սպասում են…
Չմոռանամ նաև ասել,
Որ պուրակի
Ծանոթ ծառերն բարևում են,
Որ մայթերը
Մեր քայլերին կարոտում են,
Չեն մոռացել, սպասում են:
Քեզ առաջվա պես սիրում են,
Եվ մեզ մեկ է,
Թե ինչքա՞ն ես հիմա փոխվել,
Թե թոռներդ
Փեշերիցդ կախ են ընկել…
Ախ գարուն է:

Ի՞նչ ես ասում…
Ես չեմ լսում…
Չեմ հասկանում ու չգիտեմ…

Գիտեմ միայն, որ եկել եմ
Ու հանդիպման
Մեր ծառի տակ լուռ կանգնել եմ …
Եվ մտովի ասում եմ քեզ.
Բարև, ես եմ…


Հեղինակ՝ Ալիկ Գևորգյան
Կարդալ ավելին
Բանաստեղծություն: Եթե հանդիպես...

Բանաստեղծություն: Եթե հանդիպես...


Եթե հանդիպես անհաջողության,
Հիշիր ամեն մարդ ճաշակել է այն,
Չի եղել մի մարդ խաբված չլինի,
Մի հիվանդություն տարած չլինի,
Լացած չլինի...
Ամենահզոր մարդիկ էլ անգամ
Հուսահատվել են փնտրել բարեկամ
Եթե այդպես է, եղիր միշտ հպարտ,
Որ ծնվել ես մարդ:
Կարդալ ավելին
Բանաստեղծություն: Ես կուզեի...

Բանաստեղծություն: Ես կուզեի...


Ես կուզեի քեզ հետ կիսել
Վերջին պատառն իմ հացի,
Ես կուզեի քեզ հետ կիսել
Վերջին արցունքն իմ լացի:
Ես կուզեի քեզ հետ կիսել
Սրտիս բեկորը վերջին,
Ես կուզեի` քո գրկի մեջ
Մթներ իմ օրը վերջին...
Ես կուզեի` ինչ որ ունեմ
Իբրև նվեր տայի քեզ,
Ես կուզեի...Բայց ինչ անեմ,
եթե հանկարծ դու չուզես:


Հ.Սահյան
Կարդալ ավելին
Բանաստեղծություն: Սիրտս բացել եմ

Բանաստեղծություն: Սիրտս բացել եմ


Սիրտս բացել եմ,
Գալիս ե՞ս, դե ե’կ,
Կուզե՞ս քո գալու ճանապարհներին
Մաշված ափերս որպես ուղեգորգ
Փռեմ ոտքիդ տակ,
Մատներս սանդուղք սարքեմ քեզ համար,
Աչքերս` լապտեր,
Բերանս` զանգակ,
Որ չմոլորվես,
Որ չվախենաս ճանապարհների ավերակներից…


Սիրտս բացել եմ ահա քո առաջ,
Եվ որպես սրտիս մի նոր բնակիչ
Դու մտիր այնտեղ,
Ոչ որպես կրկին մի իջևանող,
Ով ներս է մտել իր ցրտահարված
Սիրտը տաքացնի, նորից հեռանա…


Դու այնտեղ մտիր տանտիրոջ նման…


Սիրտս բացել եմ…
Ոչ թե երդիկից,
Հենց դռնից մտիր,
Ներս արի, նստիր:
Ծունկս քեզ աթոռ,
Կուրծքս` հենարան,
Հոգիս` թթվածին…


Դե հիմա, պատմիր,
Տեսնեմ շաղ տված մարգարիտներս
Ճանապարհների ցեխից ու կեղտից
Շա՞տ են խունացել…
Որ էլ շաղ չտա՞մ,
Եթե ուզում ես ամուր բռնվիր մարգարտաշարից,
Որ չխճճվես ավերակներիս լաբիրինթոսում,
Ու … Գալդ Բարի


Սիրտս բացել եմ…
Գալի՞ս ես, դե ե’կ:
Կարդալ ավելին