Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Բանաստեղծություն: Սիրտս բացել եմ


Սիրտս բացել եմ,
Գալիս ե՞ս, դե ե’կ,
Կուզե՞ս քո գալու ճանապարհներին
Մաշված ափերս որպես ուղեգորգ
Փռեմ ոտքիդ տակ,
Մատներս սանդուղք սարքեմ քեզ համար,
Աչքերս` լապտեր,
Բերանս` զանգակ,
Որ չմոլորվես,
Որ չվախենաս ճանապարհների ավերակներից…


Սիրտս բացել եմ ահա քո առաջ,
Եվ որպես սրտիս մի նոր բնակիչ
Դու մտիր այնտեղ,
Ոչ որպես կրկին մի իջևանող,
Ով ներս է մտել իր ցրտահարված
Սիրտը տաքացնի, նորից հեռանա…


Դու այնտեղ մտիր տանտիրոջ նման…


Սիրտս բացել եմ…
Ոչ թե երդիկից,
Հենց դռնից մտիր,
Ներս արի, նստիր:
Ծունկս քեզ աթոռ,
Կուրծքս` հենարան,
Հոգիս` թթվածին…


Դե հիմա, պատմիր,
Տեսնեմ շաղ տված մարգարիտներս
Ճանապարհների ցեխից ու կեղտից
Շա՞տ են խունացել…
Որ էլ շաղ չտա՞մ,
Եթե ուզում ես ամուր բռնվիր մարգարտաշարից,
Որ չխճճվես ավերակներիս լաբիրինթոսում,
Ու … Գալդ Բարի


Սիրտս բացել եմ…
Գալի՞ս ես, դե ե’կ:


Հեղինակը անհայտ է: Եթե գիտեք հեղինակի անունը, ապա  տեղեկացրեք:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն