Նոյեմբերի 22 և 23-ին Երևանում տեղի կունենա GDG DEVFEST տեխնոլոգիական միջոցառումը
Ամսաթիվ
2014թ. նոյեմբերի 22 և 23-ին Google Developer Group Armenia (GDG Armenia) խումբը Երևանում արդեն երկրորդ անգամ կազմակերպում է GDG DEVFEST տեխնոլոգիական միջոցառումը, որը տեղի կունենա ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Գլոբալ DevFest միջոցառման գլխավոր հովանավորն է Google ընկերությունը, իսկ հայաստանյան միջոցառման հովանավորներ են նաև X-TECH և Ginosi ընկերությունները:
Երևանյան GDG DEVFEST-ը նախորդ տարի հյուրընկալեց տեխնոլոգիաների ավելի քան 200 սիրահարների, ովքեր 2 օրերի ընթացքում ականատես եղան մի շարք տեխնոլոգիական պրեզենտացիաների, այդ թվում՝ Google ընկերության մասնագետ Իգոր Մահանյոկի Google Glass պրեզենտացիային:
Այս տարի ևս GDG DEVFEST երկօրյա միջոցառումը հագեցած կլինի բազմաթիվ տեխնոլոգիական պրեզենտացիաներով, որոնք կներկայացնեն ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներ: Միջոցառման շրջանակներում ընգրկված թեմաները կունենան բազմակողմանի ուղղվածություն՝ Google ընկերության նորաստեղծ Polymer նախագծից մինչև AngularJS, խաղային տեխնոլոգիաներից մինչև ստարտափ ընկերություններ:
DEVFEST Հայաստան 2014-ը կունենա նաև հատուկ հյուր՝ Google ընկերության հայազգի աշխատակից Արամ Այազյանը, ով նույնպես կներկայանա իր պրեզենտացիայով:
Այս տարի միջոցառման երկրորդ օրը հագեցած կլինի նաև հաքաթոնով, որը նվիրված կլինի Android-ի նորամուծություններից մեկին՝ Android Wear-ին: Հաքաթոնի մրցակից թիմերը 12 ժամվա ընթացքում կփորձեն ներկայացնել իրենց կողմից մշակված ծրագրերն ու հավելվածները՝ նախատեսված նորաստեղծ սարքերի համար:
Միջոցառման և հաքաթոնի մասնակցության համար բոլոր ցանկացողները կարող են գրանցվել devfest.gdg.am կայքում: