Ինչ է իրենից ներկայացնում նոր թողարկված Windows 10 S օպերացիոն համակարգը

Ամսաթիվ


Microsoft ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Windows 10 S օպերացիոն համակարգը, որը մինչ այժմ հայտնի էր Windows 10 Cloud անունով: Այս համակարգը նախատեսված է համեմատաբար էժան սարքերի համար, որոնք պայքարելու են Google Chromebook նոթբուքների դեմ: Նմանատիպ նոթբուքների հիմնական թիրախը ուսումնական հաստատություններն են լինելու:


Windows 10 S օպերացիոն համակարգը օպտիմիզացված է միջին պարամետրերով սարքերի համար և ավելի քիչ ռեսուրս է ծախսում: Հնարավորություն կա նաև կարգավորել այս համակարգը նախօրոք կարգավորված USB կրիչի միջոցով: Windows 10 S-ում հնարավոր է բացել միայն Windows Store-ից ներբեռնված ծրագրերն ու խաղերը: Ինչ վերաբերում է ավանդական դեքսթոփ ծրագրերին ու խաղերին, ապա դրանք նույնպես հնարավոր է տեղադրել Windows 10 S-ում, եթե դրանք համապատասխան ձևով տեղադրվեն Windows Store-ում:


Windows 10 S օպերացիոն համակարգում հնարավոր է տեղադրել Windows Store-ից ներբեռնված ցանկացած ինտերնետ դիտարկիչ, սակայն հիմնական դիտարկիչը միշտ մնալու է Microsoft Edge-ը: Այսինքն չեք կարող համակարգիչն այնպես կարգավորել, որ հղումները կամ html ֆայլերը բացվեն օրինակ Google Chrome-ով: Windows 10 S-ում նաև հնարավորություն չկա փոխելու Microsoft Edge-ի որոնողական համակարգը: Հիմնական որոնողական համակարգը բնականաբար լինելու է Bing-ը:


Չնայած, որ Windows 10 S օպերացիոն համակարգով աշխատող սարքերը պետք է լինեն համեմատաբար էժան, այնուհանդերձ Microsoft-ը այս տարվա ամռանը թողարկելու է այս համակարգով աշխատող իր առաջին Surface Laptop-ը և վաճառելու է մոտ 1000 դոլարով: Գնից արդեն կարելի է գուշակել, որ այս նոթբուքներն չեն համարվելու բյուջետային սարքեր:


Surface Laptop-ներն ունենալու են 13.5 էկրան ու աշխատելու են Intel i5, i7 պրոցեսորներով: Նոթբուքները հասանելի են լինելու 4 գույներով:


Վերջում նշեմ, որ Microsoft-ը հնարավորություն է տալիս նաև Windows 10 S-ից անցում կատարել Windows 10 Pro-ի: Դրա համար պետք է վճարել ընդամենը 50 դոլար: Surface Laptop-ների օգտատերերը կարող են մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը անվճար կատարել այս թարմացումը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն