Հունվարի 1-ից ճանապարհային երթևեկության խախտումների դեպքում միավորներ նվազեցնելիս հնարավոր է տարբերակել՝ խախտում կատարողն ով է՝ մեքենայի շահագործողը, թե սեփականատերը: Այս խնդիրը լուծելու համար ստեղծվել է հատուկ հարթակ, որտեղ մեքենայի սեփականատերերը կարող են իրենց մեքենաներին կցել շահագործող վարորդների:
Նշեմ նաև, որ այս նոր հարթակում ցուցադրվելու են սեփականատիրոջ կամ շահագործողի տուգանքներն ու հասանելի միավորները: Մուտք կարող եք գործել նույնականացման քարտով կամ բջջային հեռախոսով:
Հիշեցնեմ, որ 2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում տուգանային միավորների նոր օրենքը, ինչի մասին մանրամասն կարող եք ծանոթանալ վերևի տեսանյութում:
Google ընկերությունն ամփոփելով տարին ստեղծել է հերթական Year in Search տեսանյութը, որտեղ ներկայացված են 2019թ. ընթացքում ամենաշատ որոնված մարդիկ, ֆիլմերը, իրադարձությունները և այլ արտահայտություններ:
Google Trends-ի կայքի համապատասխան բաժնում կարող ենք տեսնել նաև, թե ինչ են Հայաստանում ամենաշատը որոնել Google-ում և YouTube-ում 2019 սկզբից մինչ այժմ:
Գաղտնաբառերը հեշտ կառավարելու համար ծառայություններ տրամադրող NordPass ընկերությունը ներկայացրել է 2019 թվականի ընթացքում ամենաշատ տարածված և ամենահայտնի գաղտնաբառերի ցանկը: Նշեմ, որ այս ցանկը կազմվել է տարբեր կայքերում կամ ծառայություններում տեղի ունեցած գաղտնաբառերի արտահոսքի հիման վրա: Մասնագետները վերլուծել են ավելի քան 500 000 000 գաղտնաբառերից կազմված տվյալների բազան:
Ամերիկացի ծրագրավորող Նիլ Ագարվալը ստեղծել է մի հետաքրքիր կայք, որտեղ ինտերակտիվ կերպով ներկայացված է օվկիանոսի մեջ գտնվող կենդանական ու բուսական աշխարհը: Վիրտուալ օվկիանոսի մեջ սուզվելու համար անհրաժեշտ է ընդամենը սքրոլ անել ներքև: Սուզվելու ընթացքում ցուցադրվում է ընթացիկ խորությունը: Նշեմ, որ այս կայքն ավելի արագ ու էֆֆեկտիվ է աշխատում հատկապես բջջային հեռախոսների վրա:
Microsoft ընկերությունը վերջերս ներկայացրեց հաջորդ սերնդի իր խաղային կոնսոլը, որը ստացել է Xbox Series X անվանումը: Այս սարքն իր արտաքին տեսքով տարբերվում է նախորդ մոդելներից և համացանցում արդեն տարածվել են այս մոդելի արտաքին տեսքի վերաբերյալ բազմաթիվ զվարճալի մեմեր:
Epic Games Store խաղերի լաունչերը շարունակում է ուրախացնել խաղասերներին իր անվճար նվերներով: Այս շաբաթ Epic Games-ը նվիրում է The Wolf Among Us և The Escapists խաղերը: Նշեմ, որ այս ակցիան գործում է մի շաբաթ: Այս ընթացքում եթե նշված խաղերն ավելացնեք Epic Games-ի ձեր գրադարանում, ապա դրանք հավիտյան կարող եք անվճար խաղալ:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020թ. հունվարի 1-ից փոփոխություններ են լինելու անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու կարգում: Մասնավորապես` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 107 որոշման համաձայն` 2020 թվականի հունվարի 1-ից անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով կարող են ներմուծվել Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման, եթե դրանց արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) քաշը (միջազգային փոստային առաքանու դեպքում՝ համաքաշը (բրուտտոն)) չի գերազանցում 31 կիլոգրամը:
Փաստորեն, միության անդամ չհանդիսացող պետություններից ֆիզիկական անձանց կողմից փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային առաքումներով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների համար 2020 թ. հունվարի 1-ից պետք է վճարվեն մաքսատուրք և հարկեր 0% միասնական դրույքաչափով, եթե տեղափոխվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 31 կիլոգրամը, իսկ արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք ՀՀ դրամը: Մինչդեռ եթե ընդհանուր քաշը գերազանցում է 31 կիլոգրամը, կամ արժեքը գերազանցում է 200 եվրոյին համարժեք ՀՀ դրամը, ապա պետք է վճարվեն մաքսատուրք և հարկեր գերազանցող մասի համար՝ 15% միասնական դրույքաչափով, սակայն ոչ պակաս, քան 31 կիլոգրամը գերազանցող յուրաքանչյուր կիլոգրամի համար 2 եվրոյին համարժեք ՀՀ դրամը:
2020թ. հունվարի 1-ից կվերացվեն նաև առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման ֆիզիկական անձանց կողմից փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային առաքումներով ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների հաճախականության սահմանափակումները:
ՊԵԿ-ը հայտնում է, որ փոփոխությամբ պայմանավորված` մաքսային մարմինները կուժեղացնեն ապրանքների իրական արժեքը պարզելուն ուղղված հսկողությունը: