Yandex-ի քարտեզներով արդեն հնարավոր է վիրտուալ շրջել Երևանի փողոցներով


Yandex ընկերությունը ամիսներ առաջ Երևանում մենկարկեց Yandex Taxi ծառայությունը, որի լիարժեք աշխատանքի համար Yandex-ը սկսեց իր քարտեզներում ավելի լուրջ վերաբերվել Երևանի փողոցներին: Ամիսներ շարունակ Yandex-ի մեքենաները շրջում էին Երևանի փողոցներով և լուսանկարում դրանք հատուկ տեսախցիկներով: Այժմ արդեն այդ նկարահանումների արդյունքը կարող ենք տեսնել Yandex-ի քարտեզների էջում:

Դրա համար պետք է սեղմել քարտեզի ներքևում գտնվող հեռադիտակի նշանի վրա: Այնուհետև քարտեզի վրա կցուցադրվեն կապույտ գծեր բոլոր այն վայրերում, որտեղ կարող եք վիրտուալ շրջել:

Երկու անգամ սեղմելով համապատասխան վայրի վրա կբացվի տվյալ փողոցի վիրտուալ պատկերը: Շրջայցի ռեժիմում կարող եք տեղաշարժվել համակարգչի ստեղնաշարի սլաքների միջոցով, կամ քարտեզի վրա հայտնվող սլաքների վրա սեղմելով:

Կարող եք նաև քարտեզում տեղաշարժել հեռադիտակը և հայտնվել համապատասխան փողոցի վրա: