ԱՄՆ կառավարությունը թույլատրել է Firebird ստարտափին Հայաստան արտահանել NVIDIA-ի գերհզոր չիպերը

Bloomberg-ը հայտնում է, որ ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես թույլատրել է Firebird ստարտափին Հայաստան արտահանել NVIDIA-ի գերհզոր չիպերը։ Սա բեկումնային որոշում է, որը կայացվել է ԱՄՆ կողմից առաջադեմ չիպերի արտահանման սահմանափակումների թուլացման ֆոնին և հնարավորություն է տալիս Հայաստանը դարձնել տարածաշրջանային տեխնոլոգիական խաղացող։
Ըստ պարբերականի՝ 500 միլիոն դոլար սկզբնական ներդրմամբ և 100 ՄՎտ հզորությամբ այս կենտրոնը կգործի Dell-ի սերվերների ու NVIDIA Blackwell նորագույն պրոցեսորների հիման վրա։ Ստեղծվող ենթակառուցվածքի 20 տոկոսը կուղղվի հայաստանյան ընկերությունների կարիքներին, իսկ հիմնական մասը՝ 80 տոկոսը, կտրամադրվի տարածաշրջանում գործող ամերիկյան բիզնեսներին։ Firebird-ի համահիմնադիր Ռազմիկ Հովակիմյանի և Moderna-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանի աջակցությամբ կյանքի կոչվող այս նախաձեռնության առաջին փուլի մեկնարկը սպասվում է 2026 թվականի երկրորդ եռամսյակում։
NVIDIA-ն հենց երեկ՝ նոյեմբերի 19-ին, հրապարակեց նաև իր եռամսյակային ֆինանսական հաշվետվությունը, որտեղ գրանցեց ռեկորդային $57.0 միլիարդ դոլար հասույթ։
Հասույթն աճել է 22%-ով նախորդ եռամսյակից և 62%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ամենակարևորը՝ ընկերության «Տվյալների կենտրոններ» (Data Center) ուղղության եկամուտը հասել է $51.2 միլիարդի։