Huawei ընկերությունը մտնում է էլեկտրական մեքենաների շուկա Aito M5 մոդելով
Huawei ընկերությունը Seres ընկերության հետ համատեղ ներկայացրեց Aito M5 էլեկտրական հիբրիդ քրոսովերը: Huawei-ի գործադիր տնօրենի խոսքերով այս մոդելը Tesla Model Y-ից ավելի էժան է, սակայն ավելի հզոր է և մեկ լիցքավորումով ավելի երկար է գնում (1195կմ):
Մեքենան 0-ից 100 կմ/ժ արագություն զարգացնում է 4.4 վայրկյանում: Մեքենան ունի 1,5 լիտրանոց տուրբո շարժիչ (125 ձիաուժ) և մեկական էլեկտրական շարժիչ յուրաքանչյուր առանցքի վրա (224 և 204 ձիաուժ): Մեքենայի վառելիքի միջին ծախսը 100 կմ-ի համար կազմում է 0,8 լիտր:
Մեքենայի սրահում տեղադրված է 1200 Վտ-անով Huawei Sound աուդիոհամակարգ, իսկ մեքենայի երկշերտ ձայնամեկուսիչ ապակիները ավելի որակյալ են դարձնում այս համակարգը:
Մեքենայի սրահում տեղադրված է 15,6 դյույմանոց 2K HDR էկրան, որն աշխատում է Harmony OS օպերացիոն համակարգով:
Huawei-ի սմարթ ժամացույցներն ու սմարթֆոնները կարելի է օգտագործել որպես բանալի: Aito M5 մեքենան կարող է լարով լիցքավորել բջջային սարքերը մինչև 66 ՎՏ հզորությամբ, իսկ անլար՝ 44 Վտ հզորությամբ:
Aito M5 էլեկտրական մեքենայի մեկնարկային գինը 250 000 յուան է (մոտ 39.000 դոլար), ինչը ավելի էժան է Չինաստանում Tesla Model Y-ի արժեքից (281 000 յուան): Մեքենայի մատակարարումը կմեկնարկի 2022թ. փետրվարից: