Nooor Blockchain Armenia․ նորություններ կրիպտոաշխարհից

Ամսաթիվ

Nooor Blockchain Armenia-ն ներկայացնում է նորություններ բլոկչեյնի աշխարհից, որոնք կարող են փոխել ձեր պատկերացումները առօրյայում թվային տեխնոլոգիաների դերի և ապագայի տեխնոլոգիաների չափազանց արագ զարգացումների վերաբերյալ։

Paypal և կրիպտո․ ի՞նչ սպասել

Համաշխարհային օնլայն վճարումների հսկա Paypal հարթակը պլանավորում է հանդես գալ արդեն նաև կրիպտո-վճարումներ կատարելու հնարավորությամբ։ Համենայն դեպս, մի շարք աղբյուրներ դրա մասին են վկայում։ Դեռ 2020 թվականի սկզբին Paypal-ը ներկայացրել էր բլոկչեյնի և կրիպտոյի փորձագետների մի քանի բաց հաստիք, որոնք պիտի ներգրավվեին Paypal-ի բլոկչեյնի հետազոտական խմբում։ Ընկերության ղեկավարությունը նշում է, որ սա առաջին քայլերից է` հասկանալու ոլորտի առանձնահատկությունները և սեփական տեսլականը ձևավորելու բլոկչեյնի և կրիպտո-աշխարհի վերաբերյալ: Ընկերությանը պետք է հասկանալ, թե ինչպես բլոկչեյնը կարող է նպաստել իրենց բաց թվային վճարումների հարթակի ստեղծմանը, որը հասանելի կլինի բոլորին։ Որոշ աղբյուրներ նշում են, որ Paypal-ը ակտիվորեն համագործակցելու է առաջատար կրիպտո բորսաների հետ, ինչպիսիք են Coinbase-ը և Bitstamp-ը։ Ոլորտի մասնագետներից մի քանիսը նշում են, որ Paypal-ի հաստատումը կրիպտո աշխարհում ժամանակի հարց է, մինչդեռ Paypal-ի կողմից վերոնշյալ հարցի շուրջ դեռ որևէ պաշտոնական մեկնաբանություն չի եղել։

Wirecard․ արդյո՞ք բլոկչեյնը կարող էր փրկել իրավիճակը
Եթե հետևում եք ֆինանսական շուկայի նորություններին, ապա հավանաբար տեղյակ եք Wirecard-ի շուրջ ստեղծված աղմուկին․ ընկերության հաշվեկշռից 1,9 մլրդ ԱՄՆ դոլարի անհետանալու արդյունքում այն այժմ համարվում է անվճարունակ։ Գերմանական ծագումով այս ընկերությունը ոլորտի առաջատարներից է եղել՝ սպասարկելով մի շարք խոշոր ընկերությունների։ Wirecard-ը նաև հանդիսանում է բազմաթիվ կրիպտո դեբետային քարտերի թողարկող, որոնց շարքում են Crypto.com-ը, Cryptopay-ը, Wirex-ը, TenX-ը և այլք։ Ս րանք այն քարտերն են, որոնցով հնարավոր է սովորական բանկային քարտերի պես առևտուր կատարել` օգտագործելով ձեր հաշվեկշռին առկա կրիպտոարժույթները: Անկախ նրանից, որ գերմանական ընկերության հետ կապված պատմությունը թուլացրել է գերմանական ֆինանսական շուկայի «վստահելիությունը», այնուամենայնիվ կրիպտոօգտատերերի միջոցներն ամեն դեպքում ապահով են, նշում է Crypto.com-ի ղեկավար Քրիս Մարշալեկը, քանի որ անմիջականորեն չէին կառավարվում Wirecard-ի կողմից։ Կարճաժամկետում փորձ կարվի գտնել փոխարինողների, որը մի կողմից կլրացնի շուկայում սպասվող բացը, իսկ մյուս կողմից հնարավորություն կտա բազմաթիվ նոր ֆինտեխ ընկերություններին իրենց դիրքերն ամրապնդել ոլորտում։ Երկարաժամկետում մոտեցումն ավելի ֆունդամենտալ պետք է լինի, և շատ փորձագետներ ակնարկում են ավելի ապակենտրոնացված և թափանցիկ հարթակների ձևովորման մասին, որտեղ բլոկչեյնը, վստահորեն, փնտրվող բաղադրատոմսն է:

Ethereum և UNICEF․ կրիպտո-նվիրատվություն և աջակցություն ստարտափներին

Բիթքոինից հետո երկրորդ ամենահայտնի կրիպտոարժույթի` Ethereum-ի հիմնադրամը մոտ 262,000 ԱՄՆ (1,125 ETH) դոլարին համարժեք էթեր է նվիրաբերել UNICEF-ին ։ Նշենք, որ հունիսի 19-ին UNICEF-ի կրիպտո-ֆոնդը հանդես եկավ զարգացող երկրներում ստարտափներին աջակացման ծրագրի հայտարարությամբ, որը կարող եք գտնել այստեղ։ Ծրագրի հաղթող ընկերություններից յուրաքանչյուրը կստանա 100,000 ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում թե՛ դոլարով, թե՛ կրիպտոյով։ Նախորդ նմանատիպ ծրագրի արդյունքում կրիպտոյով ներդրումներ ստացած ստարտափները գրանցված ընկերություններ էին Մեքսիկայից, Հնդկաստանից, Թուրքիայից, Արգենտինայից և Չիլիից, մինչդեռ կան երկրներ, որտեղ ստարտափները բացառապես դոլարով են ստացել ներդրումները։ Եթե աշխատում եք թվային տեխնոլոգիաների մշակման ուղղությամբ և ձեր նախագիծը որևէ կերպ կարող է բարելավել մեր երկրի երեխաների սոցիալական և կրթական վիճակը, ապա դուք էլ կարող եք դիմել ծրագրին․ վերջնաժամկետը հուլիսի 26-ն է։ UNICEF-ի օրինակը շեշտում է կշիռ ունեցող խաղացողների կողմից թվային աշխարհում ներդրումների կարևորությունը, որը հնարավորություն է տալիս նորաստեղծ ընկերույթուններին առավել արագ աճել, բարձրացնել ոլորտի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, ինչպես նաև առավել շատ մարդկանց ներգրավել բլոկչեյն և կրիպտո ոլորտ։

Telegram. դատավարության ավարտ
Telegram-ը և ԱՄՆ SEC-ը վերջապես եկան համաձայնության․ Telegram-ը պարտավոր է 1,2 մլրդ ԱՄՆ դոլար հետ վերադարձնել GRAM տոկենի ICO-ի ներդրողներին։ Նշենք, որ Telegram Open Network (TON)-ի համար նրանք կարողացել էին 1,7 մլրդ ԱՄՆ դոլար ներդրում ներգրավել, ինչը կարգավորողի կողմից որակվել էր որպես արժեթղթերի ապօրինի վաճառք։ Արդյունքում ամբողջ կրիպտո (և ոչ միայն) համայնքը հրաժեշտ տվեց TON-ին։ Այնուամենայնիվ, դեռ հետաքրքիր է հետևել զարգացումներին և Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի կողմից առաջարկվող ռազմավարական փոփոխություններին։

Bitcoin
Բիթքոինի գինը հուլիսի 9-ի դրությամբ 9,391․83 ԱՄՆ դոլար է, իսկ նախորդ տարի այս օրը
այդ ցուցանիշը կազմել է 12,573․81 ԱՄՆ դոլար։

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն