Հայ ծրագրավորողներն արդեն կարող են իրենց վճարովի հավելվածները տեղադրել ու վաճառել «Google Play»-ում
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEi0MJF67dRBWUrL-mgEu8T6xYfDRP3AfXdRei3cANSYwqoEVx89cXdhYLNAYhx0AP56I6y3W-ZLO3iN1OXVDPD92IVq2tcn905TeJw4KE3jlcWwLA7XghfRxach2GusYB9m-wt6raknVz9h/s1600/android-armenia.jpg)
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, որ այսուհետ մոբայլ ծրագրավորողները կարող են Հայաստանից «Android Google Play»-ում տեղադրել և վաճառել իրենց ստեղծած հավելվածները։
Մինչ այժմ հայ ծրագրավորողները «Google play»-ում անվճար հավելվածներ տեղադրելու հնարավորություն ունեին, որոնք հասանելի էին ամբողջ աշխարհում: Սակայն վճարովի հավելված կամ հավելված, որը կարող է պարունակել ներհավելվածային գնումներ (In-app purchase), Հայաստանում բացված ծրագրավորողի հաշիվները (Developer account) տեղադրել չէին կարող, քանի որ Հայաստանը ընդգրկված չէր Google-ի կողմից թույլատրված երկրների ցանկում: Տեղական ընկերությունները ստիպված էին լինում այլ երկրներում բացել «Developer account» և հարկ վճարել այլ երկրներում ստացված վաճառքների դիմաց։ Դժվարություններ էին լինում նաև գումարը ստանալիս, քանի որ «Google»-ը ուղարկում էր գումարը միայն տվյալ երկրում բացված բանկային հաշիվներին:
Հայ մասնագետները բազմիցս բարձրաձայնել էին այս անհարմարության մասին: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և «Google» ընկերության ներկայացուցիչների միջև դեռ նախորդ տարվանից բանակցություններ էին ընթանում այս ուղղությամբ։
Վերջապես նախորդ շաբաթ այդ բանակցությունները հաջողությամբ ավարտվեցին: Հայաստանում գրանցված ընկերությունները կարող են վաճառել իրենց հավելվածները «Google Play»-ում և ստանալ եկամուտներ:
Սա իրական խոչընդոտ էր հայ ծրագրավորողների համար: Դրա վերացման արդյունքում Հայաստանում արտադրվող մոբայլ հավելվածների թիվն այսուհետ կաճի, միջազգային շուկայում դրանց սպառման ծավալները կավելանան: